21 Jan 2025 ԵԱՏՄ-ն սահմանել է էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչ սակագնային կարգավորման կանոններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ներմուծման առանձնահատկությունները, որոնց նկատմամբ կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։ «Որոշման նախագիծը նախապատրաստվել է անցյալ տարի Միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունների ընդունման կապակցությամբ, որոնք ավելացնում են էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիան, — պարզաբանել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ — Փաստաթուղթը նախատեսում է, որ ֆիզիկական անձանց կողմից կատարված գործնականապես բոլոր գնումների նկատմամբ գործելու է այնպիսի ռեժիմ, որը չի վատթարացնելու ներկայումս անձնական օգտագործման համար թույլատրված ապրանքներ ներմուծող ֆիզիկական անձանց վիճակը»: Մասնավորապես, պահպանվում է գաղտնագրման բաղադրիչներով սարքերի (հեռախոսներ, խելացի ժամացույցներ) ներմուծման հնարավորությունը: Միաժամանակ արգելվում է թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների, դեղամիջոցների, հատուկ տեխնիկական միջոցների, թունաքիմիկատների, օզոնը քայքայող, թունավոր միջոցների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, զենքի և մի շարք այլ ապրանքների ներմուծումը։ Արգելքի նպատակն է պաշտպանել Միության երկրների քաղաքացիներին անորակ և ոչ անվտանգ արտադրանքից։ Ընդ որում, դեղամիջոցների մասով որոշվել է հետագայում լրամշակել դրանց ներմուծման հնարավորության իրականացման հարցը։ Կմշակվի նաև ֆիզիկական անձանց կողմից այլ կատեգորիաների ապրանքների ներմուծման հնարավորությունը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների հետաքրքրվածությունը։ Ակնկալվում է, որ ոչ սակագնային կարգավորման մասով ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։ Միաժամանակ, դա տեղի կունենա ոչ շուտ, քան Մաքսային օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելը, որոնք, իրենց հերթին, կսկսեն գործել ԵԱՏՄ բոլոր երկրների կողմից համապատասխան ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո։ Ընդ որում, Անդրեյ Սլեպնևը հիշեցրել է, որ հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիայի տարանջատումը, առաջիկայում կընդունվեն նաև մի շարք այլ որոշումներ, որոնք վերաբերում են նաև մաքսասակագնային կարգավորման հարցերին։
20 Jan 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ն ավարտել է Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի և գործարար համայնքի միջև խորհրդակցական հանդիպմանը։ «Ներկայումս Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը ԵԱՏՄ-ում ավարտվել են։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում դրանք Իրանում ևս կավարտվեն», — միջոցառմանն իր ելույթում նշել է ԵՏՀ նախարարը՝ վստահություն հայտնելով, որ փաստաթուղթը կսկսի աշխատել արդեն առաջիկա ամիսներին։ Ընդ որում, Անդրեյ Սլեպնևն ընդգծել է, որ առևտրատնտեսական փոխգործակցության աճի ամբողջ առկա ներուժն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել միջպետական մակարդակով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը, այլև աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրների գործարար շրջանակների միջև շփումների ամրապնդմանը: Նա բիզնեսին կոչ է արել ակտիվորեն մասնակցել համաձայնագրի կիրարկմանը, ներառյալ փոխգործակցության ձևավորվող մեխանիզմների շրջանակներում տարվող աշխատանքը՝ հաշվի առնելով Իրանի՝ ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակը։ Ինչպես նշել է ԵՏՀ նախարարը, դա թույլ կտա հասնել առկա պայմանավորվածությունների լիարժեք բացահայտմանը։
17 Jan 2025 Բիշքեկում քննարկվել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման հարցեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևի հետ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման արդի հարցեր, ինչպիսիք են՝ ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի ներդրումը, մաքսային սահմանների հատման պարզեցումը, անցակետերի սարքավորման ընթացքում հեռանկարային տեխնոլոգիաների կիրառումը, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, ինչպես նաև մաքսային տեղեկատվության փոխանակումը։ Կողմերը կարևորել են Միության ողջ տարածքում միասնական մաքսային վարչարարության ապահովման համար կառուցողական փոխգործակցությունը։ Աշխատանքային այցի ընթացքում Ռուսլան Դավիդովն այցելել է նաև Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն և ծանոթացել մաքսային մարմինների «Սմարթ Բաժի» նոր տեղեկատվական համակարգի ներդրման գործընթացին։ Հանձնաժողովի մաքսային բլոկի ղեկավարն իր գործընկերների հետ քննարկել է նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև հետագա աշխատանքների պլանները։ ԵԱՏՄ-ի միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը Միության երկրների ղեկավարները ստորագրել են 2024 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
14 Jan 2025 Փոփոխություններ են կատարվել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) միջպետական ստանդարտների մշակման ծրագրում կատարվող փոփոխությունները: Ծրագրից հանվել է 42 դիրք, որից չորսը՝ դրանց ոչ արդիական լինելու պատճառով, իսկ 38-ի առնչությամբ կողմերը նախկինում արդեն մշակել են համապատասխան միջպետական ստանդարտներ։ Հետաձգվել են 48 ստանդարտի մշակման ժամկետները, ինչը պայմանավորված է Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ստանդարտացման ազգային պլանների արդիականացմամբ և նախագծերի ճշգրտման անհրաժեշտությամբ: Բացի այդ, Ծրագիրը լրացվել է ԳՕՍՏ-ի մշակման 17 դիրքով, այդ թվում՝ կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի և դրանց մետաբոլիտների) մնացորդային քանակությունների որոշման մեթոդների առնչությամբ: Ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո։
14 Jan 2025 ԵԱՏՄ-ն հակագնագցման տուրք կսահմանի Ճապոնիայի, Թաիլանդի, Թուրքիայի և Մալայզիայի ձուլածո ալյումինե անվասկավառակների նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Ճապոնիայի, Թաիլանդի, Թուրքիայի և Մալայզիայի ձուլածո ալյումինե անվասկավառակների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու մասին։ Միջոցը կտարածվի 13-ից 20 դյույմ ներառյալ տրամագծով ինչպես նոր, այնպես էլ օգտագործված, դողով լրակազմված կամ չլրակազմված սկավառակների վրա: Դրա գործողության ժամկետը կկազմի հինգ տարի։ Տուրքը սահմանվել է մաքսային արժեքի 9.38-42.82% չափով՝ կախված արտադրող երկրից։ Որոշումն ընդունվել է ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից 2023 թվականի մարտի 1-ին «Ալյումին արտադրողների, մատակարարողների և սպառողների միավորման» դիմումով սկսված հակագնագցման հետաքննության արդյունքների հիման վրա։ Հետաքննության արդյունքներով պարզվել է նշված երկրներից ծագող ապրանքի գնագցող ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տնտեսության ոլորտին հասցված նյութական վնասի առկայություն։ «Գնագցող երկրներից ձուլածո ալյումինե անվասկավառակներ արտադրողների գնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մեր սեփական ընկերությունները ներքին շուկայում մասնաբաժնի կորստի պայմաններում չկարողացան բարձրացնել ապրանքի իրացման գինը դրա ինքնարժեքի աճին համաչափ: Արդյունքում դրանց վաճառքները դարձել են կորստաբեր, իսկ արտադրության շահութաբերությունը՝ բացասական», — պարզաբանել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո։
14 Jan 2025 ԵՏՀ-ն հաստատել է Մայրուղային խողովակաշարերի վերաբերյալ տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի նոր խմբագրությունը Եվրասիական տնտեսական միության «Հեղուկ և գազային ածխաջրածիններ փոխադրող մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը հաստատվել է նոր խմբագրությամբ: Փոփոխությունները նախապատրաստվել են տեխկանոնակարգի ապացուցողական բազան արդիական պահելու համար՝ հաշվի առնելով Ծրագրով նախատեսված միջպետական ստանդարտների մշակման և ընդունման, ինչպես նաև ստանդարտների գործող ցանկերում ներառված ստանդարտների կիրառման արդյունքները։ Ծրագրին համապատասխան նախատեսվել է 24 ԳՕՍՏ-ի մշակում, որոնցից 14-ը՝ Ղազախստանի և Ռուսաստանի ազգային ստանդարտների հիման վրա։ 2024-2025 թվականներին նախատեսվում է մշակել տասը, 2025-2026 թվականներին՝ չորս, 2025-2027 թվականներին՝ ինը միջպետական ստանդարտ, ևս մեկ ԳՕՍՏ կարող է մշակվել մինչև 2029 թվականը։ Ծրագրի նոր խմբագրությունում պահպանվել է գործող փաստաթղթով նախատեսված 16 միջպետական ստանդարտ: Բացի այդ, Ծրագրում ներառվել է ութ նոր միջպետական ստանդարտ:  
Ցուցադրել ավելին